Գլխավոր Ավելին

Կլինիկական օրդինատորը՝  ENDO 2024-ի զեկուցող

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի կլինիկական օրդինատորները հետ չեն մնում իրենց դասախոսներից՝ տարբեր միջազգային գիտական միջոցառումներին մասնակցելով։ Ինչպես ասում են՝ լավ ուսուցիչներ ունեն, և նրանց պետք է գերազանցեն: Այս առումով շահեկան վիճակում են հատկապես ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատորները, որոնք ոչ միայն լավ ուսուցիչներ ունեն, այլև այդ ուսուցիչները ամեն ինչ անում են իրենց կլինիկական օրդինատորների առաջխաղացման, կայացման համար։

Այս ամբիոնի 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր Լյուդմիլա Ավետիսյանը վերջերս Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մասնակցել է ENDO 2024-ին՝ Էնդոսկոպիայի 4-րդ համաշխարհային կոնգրեսին։ Կլինիկական օրդինատորը բանավոր զեկույցով է հանդես եկել՝ ներկայացնելով երկու գիտական աշխատանք` «Հիբրիդ լապարոէնդոսկոպիկ եղանակով կերակրափողի ֆիբրովասկուլյար պոլիպի հեռացումը» և «12-մատնյա աղիքի մեծ պտկիկի ադենոմաների էնդոսկոպիկ դասակարգում»։

Ելույթ ունենալով էնդոսկոպիայի ոլորտի ամենախոշոր իրադարձությանը աշխարհում՝ Լյուդմիլան նշում է, որ շատ հպարտ է ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում։ «Էնդոսկոպիայի համաշխարհային կոնգրեսը անցկացվում է 2 տարին մեկ, շատ ուրախացա, երբ հաստատվեց իմ մասնակցությունը, գրել էին, որ 800 գիտական հետազոտական աշխատանքներից ընտրվել է ընդամենը 150-ը, որի մեջ ներառված էր նաև իմ երկու գիտական աշխատանքը»,-պատմում է Լյուդմիլան՝ հավելելով, որ այս կոնգրեսին մասնակցությունը իրեն հնարավորություն է տվել ծանոթանալ ոլորտի առաջատարների հետ, նրանց հարցեր ուղղել, հետաքրքրվել փորձով, ինչպես նաև համագործակցել։ Ի դեպ, Լյուդմիլային հրավիրել են Կորեայում պրակտիկա անցնելու։

×
facebook sharing button facebook